Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ և սգո օր է հայտարարել այդ ողբերգության պատճառով։ Այս մասին Պակիստանի վարչապետը գրել է X սոցիալական հարթակում։

Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել Ռայիսիի և Աբդոլլահիանի՝ Պակիստան այցից։

«Նրանք Պակիստանի լավ բարեկամներն էին: Պակիստանը սգո օր կնշի, դրոշը կխոնարհվի՝ ի նշան նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցողների հանդեպ հարգանքի և  ի նշան եղբայրական Իրանի հետ համերաշխության», – գրել է Շարիֆը:

Կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։

«Ես անհանգստությամբ հետևում էի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի արտակարգ վայրէջքի մասին հաղորդագրությունների հետ կապված զարգացումներին: Լավ նորությունների հույս ունեի: Ավաղ, դա տեղի չունեցավ: Ես Պակիստանի կառավարության և ժողովրդի հետ միասին հայտնում եմ մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն Իրանի ժողովրդին այս սոսկալի կորստի կապակցությամբ»,- նշել է Շարիֆը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։