Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները. Գերմանացի պատգամավոր

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքի վերադարձը հնարավոր է ԵԽ պահանջների կատարման դեպքում։ Սակայն Բաքուն դեռ նման ցանկություն չի դրսևորել։ Այս մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանական պատվիրակությանը ձայնից զրկելու որոշման նախաձեռնողներից մեկը՝ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։

«Եթե ուշադիր եք կարդացել ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ընդունված զեկույցը, ապա մենք արձանագրել էինք, որ պատվիրակությունը ձայնի իրավունքիցզրկվում է մեկ տարով։ Մենք պատրաստ ենք այլ լուծում դիտարկել, բայց միայն այն պայմանով, որ Ադրբեջանը պատրաստ լինի ամբողջությամբ հետևել Եվրախորհրդի կանոններին։ Ցավոք, մինչ այժմ մենք հակառակն ենք տեսնում։ Բավական է նշել վերջին ամիսների իրադարձությունները՝ Toplum TV-ի լրագրողների ձերբակալությունները,  հիվանդ Գուբադ Իբադօղլուին ազատ արձակելուց հրաժարվելը։ Սրանք բոլորը շատ հստակ ազդանշաններ են, որոնք մենք հաշվի ենք առնում»,- ասել է պատգամավորը։

Սպասվո՞ւմ է, որ ԵԽԽՎ անդամ մի շարք երկրներ բարձրացնեն ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքը վերադարձնելու հարցը, ինչին Շվաբեն պատասխանել է, որ տեղյակ է նման դիվանագիտական ​​ճնշումների մասին։

«Բայց ԵԽԽՎ-ն առևտրի վայր չէ, այն կազմակերպություն է, որտեղ գործում են սկզբունքներ, կանոններ և արժեքներ։ Վերջին ամիսներին մենք կրկին ականատես եղանք, որ Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին։ Ընդհակառակը, մենք տեսանք հակառակ ուղղությամբ քայլեր, հատկապես այս տարվա հունվարից հետո»,- ընդգծել է Ֆրանկ Շվաբեն։