Չէի կարող պատկերացնել, Հայաստանում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի ու վտանգավոր թեզեր է հրապարակ նետում․ Գեղամ Մանուկյան

«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան էր, ԻՊ բազաների մի մասը Թուրքիայում էր,- Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը,- երբ առևանգում էին մեր եզդի քույր ու եղբայրներին և վաճառում նույն քաղաքների շուկաներում, իսլամական պետությունը ձևավորվեց նաև Արևմուտքի աջակցությամբ՝ Սիրիայի իշխանություններին գահընկեց անելու համար և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ 2006 թվականին Ստամբուլում միջազգային մեծ համաժողովին մասնակցելիս, երբ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն էր անում, չէր կարող պատկերացնել, որ տարիներ հետո Հայաստանում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի ու վտանգավոր թեզեր է հրապարակ նետում:

Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավոր Ռուստամ Բաքոյանի օրինագիծը, ըստ որի օգոստոսի 3-ը հռչակվում է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։