Ողբերգական վթարից տուծաժ 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են զինվորական հոսպիտալներ․ ՊՆ

Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։

ՊՆ հաղորդմամբ, նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Նախարարները զինծառայողներին մաղթել են շուտափույթ ապաքինում։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն: Բոլորն ստանում են համապատասխան բժշկական օգնություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։

Քքննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։