ԱԺ հրատապ փակ նիստը կսկսվի ժամը 14.30-ին՝ Արարատ Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 9-ին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կանցկացնի։ Քննարկումների թեման կլինի «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը»։

Այս մասին ԱԺ հերթական նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Տեղեկացնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա երրորդ հիմնական նիստում կքննարկենք «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, իսկ ՀՀ կառավարության 2023 թ․ ծրագրի կատարման ընթացքի և արդյուքնների մասին զեկույցը կքննարկվի ապրիլի 10-ին՝ չորեքշաբթի օրվա առաջին նիստում»,- ասաց Սիմոնյանը։
Հրատապ նիստը կանցկացվի փակ ընթացակարգով, այս թեմայով քննարկում անցկացնելու առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հարցի հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմությունն առաջարկել էր հարցի քննարկման համար Ազգային ժողով հրավիրել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։