Ալեն Սիմոնյանը, որ թքել է քաղաքացու վրա և մնացել է անպատիժ, դատի է տվել երևի երկու տասնյակ գործիչների․ Էդգար Ղազարյան

«Ես այսօր շատ հարցերի պատասխաններ եմ ուզում ստանալ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից»,- այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ԵԽ անդամ երկրներ են։ Արդյոք կարելի՞ է, որ 21-րդ դարում ԵԽ պատասխանատվության գոտում մի միջնադարյան հետամնաց բռնապետ խախտի միջազգայնորեն ընդունված սկզբունքները, կանոնները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա՝ բացառապես իր էթնիկ խմբին պատկանելու իմաստով, ցեղասպանության ենթարկի, որից հետո շատ կարճ ժամանակ անց էդ մարդկանց իրենց բնօրրանից բռնի տեղահանեն:

Հետաքրքիր է՝ ԵՄ անդամ ուրիշ երկրում նման բան գոյություն ունի՞, թե ոչ․ ընդ որում դա իրականացվի ՀՀ իշխանությունների հետ համաձայնությամբ, որը ԵԽ անդամ մեկ այլ երկիր է:

ԵԽ անդամ ուրիշ երկիր կա՞, որտեղ ՄԻՊ-ը դառնա հետախույզ, իսկ դատախազը դառնա ՄԻՊ»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը՝ նշելով. «Եթե այդ մարդիկ քաղբանտարկյալ չեն, ուրիշ ինչի՞ համար են նստած: Մեր հասարակության մեջ կա՞ մի մարդ, որ մտածում է, որ Արմեն Աշոտյանը հանցագործություն է արել և պետք է բանտ նստի: Պարզ չի՞, որ նա բանտում է բացառապես իր քաղաքական դիրքորոշումների, իր կուսակցական պատկանելության համար: Պարզ չի՞, որ Մամիկոն Ասլանյանը բանտում է գտնվում բացառապես այն բանի համար, որ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին: Որևէ մեկը մտածում է, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է, որովհետև հանցա՞նք է գործել:

Ալեն Սիմոնյանը, որ թքել է քաղաքացու վրա և մնացել է անպատիժ, դատի է տվել երևի երկու տասնյակ գործիչների, լրագրողների և առանց բացառության նրա բոլոր դատական հայցերը բավարարվում են առնվազն ներողություն խնդրելու մասով: Սա խոսքի ազատության, իշխանությունների հանդուրժողականության ժամանակակից  եվրոպական ստանդարտնե՞ր են:

Եթե ԵԽ նախագահը եկել է Հայաստան, նա պետք է միայն այս հարցերի օրակարգով գա, պետք է ասի՝ գիտե՞ք ինչ, եթե դուք ԵԽ անդամ երկիր եք, ԵԽ արժեքներով պետք է առաջնորդվեք: Թե չէ սրանք երկուսով Ալիևի հետ ստեղծել են մի հատ հետամնաց, մեկը կազմակերպված, մեկը՝ թափթփված բռնապետություն, և պարզվում է, որ այդ բռնապետությունն արժանանում է սրանց ամենաբարձր գնահատականին»:

Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱԳՆ-ի առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։