Նախազգուշական գործողություն է արվել, որը չգիտեմ` ինչ զարգացումներ կունենա, սա գալիս է իշխանության թուլությունից. Հակոբ Ավետյան

Սոթքում իրավիճակն այս պահին հանգիստ է, բայց թե հետո ինչ կլինի՝ դժվար է ասել։ 168.am-ին ասել է Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Գիշերը, իհարկե, տարբեր ուղղություններով եղել են կրակոցներ, բայց դրանք այդքան վտանգավոր չեն եղել, այսինքն՝ ավելի շատ անկանոն են կրակել՝ «նախազգուշական» գործողություն է արվել, որը չգիտեմ՝ ինչ զարգացումներ կունենա։

Երբ մի բան Ալիևի սրտով չէ, կոպիտ քայլ է անում՝ ուղղված Հայաստանին։ Մեզ դարձրել են թելադրությունները կատարող կողմ, այսինքն՝ թշնամին թելադրում է, որ՝ եթե ձեզ խելոք չպահեցինք, այսպես ենք անում, և սա գալիս է ոչ թե մեր ժողովրդի, այլ իշխանության թուլությունից։

Կրկնում եմ՝ սա մեր իշխանության թուլության արդյունքն է, միայն բողոքում է, հակահարված չի տալիս։ Թշնամին իր գործողություններին համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից չի ստանում, դրա համար էլ անվերջ սադրում է»,- նշել է Հակոբ Ավետյանը։

Նրա խոսքով՝ երբ իշխանությունը թշնամու կրակոցների ֆոնին հայտարարում է  խաղաղության գնալու մասին, նշանակում է՝ հայ ազգին ներկայացնող անձը թույլ է, չի կարողանում դիմակայել։

«Այս երկրի ղեկավարն իր բոլոր քայլերով ավելի շուտ մեր ազգին ու երկիրն է թուլացնում։ Խոսում են Տավուշից տարածքներ հանձնելու մասին, բայց արդյո՞ք երկրի ղեկավարն ունի երաշխիքներ, որ դրանով խաղաղություն կլինի։ Այսինքն՝ ստացվում է, որ Ալիևը ցանկացած պահի կարող է ասել՝ այս ու այս տարածքները տվեք, թե չէ՝ պատերազմ եմ անելու։

Երկրի ղեկավարը մեր ազգին ստրուկ է դարձնում, և այդքան արտաքին ազդեցությունը չէ մեզ համար վտանգ ներկայացնում, որքան ներքին, երկրի ներսում են ժողովրդի մեջ վախի մթնոլորտ տարածում»,- ասել է Ավետյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը, Հակոբ Ավետյանն ասել է, որ նրանց ներկայացուցչության հետ կապված դեռևս որևէ դրական արդյունք չի տեսել, քանի որ դիտորդների ներկայությամբ Ադրբեջանը սադրում է, կրակում, որի արդյունքում հայկական կողմն ունենում է զոհեր, տարածքային կորուստներ։

«Այս պահին, եթե կա որևէ ուժ, որը պետք է կանգնի մեր կողքին, ուրեմն՝ պետք է կանխի նման երևույթները, այլ ոչ թե դրա մասին եզրակացություններ հայտնի։ Լավ է, որ իրենք կան, բայց այս պահին Ադրբեջանի սադրանքների մասին որևէ կերպ չեն արձագանքել։ Սա նշանակում է, որ կամ բոլորը նախապես տեղյակ էին, որ նման բան պետք է լինի, կամ չգիտեմ՝ մեզ համարում են թույլ կողմ ու մտածում են, որ ամեն ինչ կարող ենք տանել։

Եթե ազգը համախմբվի ու աշխարհը տեսնի, որ գործ ունեն ոչ թե ՀՀ թույլ ղեկավարի, այլ բռունցք դարձած ազգի հետ, իրենց ներկայիս դիրքորոշումը կփոխեն»,- ասել է Հակոբ Ավետյանը։

Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդմամբ,  ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: