ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Բելգրադում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Գորան Ալեքսիչը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման կարևորությանը։

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին ընդունել է նաև Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը։