Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է․ Փաշինյան

«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում,-այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով կառավարությանը։

Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն:

Սա հարց է, որը պետք է պատասխան ստանա, ես այսօր չեմ ուզում եզրակացություններ անեմ այդ թեմայով, բայց ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող:

Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են:

Նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, նրանք այդ պատասխանատվության հանդես գալու հնարավորությունն ունեցել են եւ տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ:

Ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք: Կներեք, բայց պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են եւ այլ տրամաբանություն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- ասել է նա: