Չեմ բացառում, որ կհարձակվեն, իսկ ինչի՞ չհարձակվեն. Ալեն Սիմոնյան

«Ես չեմ կարող նման երաշխիքների մասին խոսել, բայց կարող եմ ասել, որ այդ պրոցեսը պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը՝ խոստովանելով, որ չկա երաշխիք, թե Տավուշից հողեր զիջելուց հետո Ադրբեջանն էլ դուրս է գալու Հայաստանի օկուպացրած տարածքներից:

«Այդ կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, մեր կարծիքով, ճիշտ է Տավուշից սկսել, որովհետև այնտեղ վիճելի մասերը քիչ թե շատ ավելի քիչ են, քան մնացած առումով: Կարծում եմ՝ այս պրոցեսի շնորհիվ մենք կունենանք լրիվ սահմանի ուրվագիծը»,-ասաց նա:

Նկատառմանը, որ եթե Հայաստանը չհանձննի այդ գյուղերը, Ադրբեջանը սպառնում է պատերազմով, նա ասաց. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն: Իսկ ինչի՞ չհարձակվեն: Ես կարծում եմ՝ իրենք դա բաց ասել են: Իհարկե, մենք պատրաստ ենք, և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում, որ մեր ընդդիմադիրներն հաճախ ասում են՝ ամեն ինչ տալիս են: Ոչ, եկեք ֆիքսենք, որ Հայաստանի տարածքից որևէ բան մենք նույնիսկ սակարկման մեջ չենք մտնում:

Արդեն երկու տարի է միջանցքի մասին էր խոսվում, բա ինչի՞ մենք այդ հարցում զիջման չգնացինք: Որովհետև ակնհայտ է, որ դա մեր իրավասության գոտում է: Բայց այն, որ ինչ-որ տեղից քարտեզագրումը պետք է սկսվի, ու ինչ-որ ձևով արվի, ակնհայտ է»: