Իշխանությունները մտել են «բլիժնի բոյ»

Հայաստանյան իշխանությունները, հասկանալով, որ ամբողջովին ձախողել են երկրի կառավարումը և ամբողջովին տապալել անվտանգային ու արտաքին մարտահրավերները, ողջ ծավալով գրոհում են ներքին լսարանին՝ առաջին հերթին թիրախ դարձնելով ընդդիմադիր գործիչներին։ Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ իր ելույթներում հայտարարի, թե «այս ընդդիմությունը մեր համար նվեր է», այնուհանդերձ, փայլուն հասկանում է, որ իր կողմից իրականացվող գործողությունների թիվ մեկ քննադատողն ու այդ խնդրահարույց հարցերի խորքային հանրայնացնողը ընդդիմադիր սեկտորն է։ Հենց դրանով է պայմանավորված, որ այն գործիչներին, ում վրա քրեական գործեր չեն կարողանում «կարել» և զրկել անազատությունից, փորձում են հնարավորինս անվանարկել և հանրության աչքին ամեն տարբերակներով դեմոնիզացնել՝ նրանց մասին տարբեր միֆեր հնարելով։

Վերջին շրջանում, երբ ՀՀ շուրջ օղակն էլ ավելի է սրվում, իշխանությունները մտել են «բլիժնի բոյ» և անձնավորված տարբեր ընդդիմադիր գործիչների մասին փորձում են փնթի ու անհոդաբաշխ թեզեր տիրաժավորել և որպես այս կեղտոտ գործի հարթակ օգտագործում են «civic» կոչվող լրատվականը։ Ուղղակիորեն փաշինյանական խոսափող հանդիսացող այս միջոցը Նիկոլի ու նրա վարչախմբի համար դարձել է իրենց «բարի ցանկությունների» իրականցման մի յուրահատուկ պլացդարմ։ Ըստ էության՝ այն թեմաներն ու «սլիվները», ինչպես նաև մարդկանց անձնապես վիրավորելը նրանք իրականցնում են սրանց միջոցով։ Փաստացի ստացվում է, որ ՀԺ-ի տերերն իրենց փնթի մտքերը տիրաժավորվում են «դուստր» հարթակով։ Ակնհայտ է, որ նյութեր գրողները, ըստ ամենայնի նույն մարդիկ են, ուղղակի «թղթաբանությունն» է փոխվել, իսկ ձեռագրի ու բառամթերքի բովանդակության մեջ ոչ մի փոփոխություն չկա։

Սա էժանագին ու պրիմիտիվ մի գործելաոճ է, որը բնորոշ է ողջ կյանքը սրա-նրա վրա տարբեր նյութեր ու «օդում կախված» թեմաներ գրողների համար, երբ ասվածի հիմքում ոչինչ փաստական հիմք չկա, սակայն հարության ինտրիգ սիրող հատվածի համար այն «արժեք» է հանդիսանում։ Սա ևս մի դրվագը, որը ցույց է տալիս իշխանության փոքրոգությունն ու վկայում անօգնական վիճակում գտնվելը՝ մարդիկ փորձում են հարության համար օրվա «ինտրիգ» ստեղծել և շեղել գլխավոր օրակարգից։ 

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից