Ձերբակալվել է ՔԿՀ կալանավորին տեսակցության եկած քաղաքացին, որի ներքնաշորից թմրանյութ է հայտնաբերվել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Է․Վ․-ին։

Արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված բուսական զանգվածներ։

Քաղաքացի Է․Վ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։