Հայաստանում «Միր» քարտերը կսպասարկի միայն «ՎՏԲ Հայաստան» բանկը․ ՌԲԿ

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024 թ. մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ) ենթակառուցվածքը։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցիչը։ Այժմ «Միր» քարտերը Հայաստանում աշխատում և ընդունվում են տեղի բանկերի կողմից։ Դրանց աշխատանքի դադարեցման մասին երկրի բանկերի մեծ մասում վկայել է նաև ՌԲԿ-ի աղբյուրը ռուսական վճարային շուկայում։

«Մարտի 30-ից օգտատերերին անհասանելի կդառնան անկանխիկ վճարումը POS-տերմինալներում և կանխիկի ստացումը հանրապետության այլ բանկերի բանկոմատներում։ ՎՏԲ (Հայաստան) քարտերի աշխատանքի վրա դա որևէ կերպ չի ազդի»,- ասել է «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցիչը։ Նա ավելացրել է, որ բանկը շարունակում է սպասարկել  «Միր» քարտերն ամբողջ ծավալով։

«ՎՏԲ բանկերի խմբի և ռուսական ցանկացած այլ բանկի «Միր» քարտապանների համար նախկինի պես հասանելի են կարևոր սպասարկումները՝ կանխիկի ստացումը ՎՏԲ (Հայաստան) բանկոմատներում, ծառայությունների վճարումը օնլայն-բանկում, օնլայն-գնումները (եթե սերվիսը աշխատում է «Միր» քարտի հետ)»,- նշել է վարկային կազմակերպության ներկայացուցիչը։ Հայաստանում աշխատում է ՎՏԲ-ի 53 բաժանմունք, որոնցից 22-ը գտնվում է Երևանում։ Հաճախորդներին հասանելի են նաև ավելի քան 190 բանկոմատներ ամբողջ երկրում։

«Մենք շարունակում ենք աշխատել բարեկամական երկրների հետ նրանց ենթակառուցվածքում՝ «Միր» քարտերի ընդունման գծով։ Յուրաքանչյուր երկիր այդ քարտերի ընդունման մասին որոշում կայացնում է ինքնուրույն»,- ասել է Ռուսաստանի ԿԲ ներկայացուցիչը։

«Միր» վճարային համակարգը չի սահմանափակում աշխատանքն օտարերկրյա գործընկերների հետ։ Բայց «Միր» քարտերի ընդունման մասին որոշումը իրենց սարքերի ցանցում այլ պետություների բանկերն ընդունում են ինքնուրույն»,- նշել է Վճարային քարտերի ազգային համակարգի ներկայացուցիչը։ ՌԲԿ-ն հարցումներ է ուղարկել ՀՀ ԿԲ և Հայաստանի ArCa վճարային համակարգ։

2024թ. փետրվարին ԱՄՆ-ն արգելակող պատժամիջոցներ մտցրեց Վճարային քարտերի ազգային համակարգի օպերատորի դեմ։ Այդ պահին «Միր» քարտերը, Հայաստանից բացի, աշխատում էին նաև Ղազախստանում, Բելառուսում, Վենեսուելայում, Վիետնամում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Կուբայում։ Ավելի վաղ «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին տեղեկացրել էր, օրինակ, ղազախական Bereke Bank-ը («Խնայբանկի» նախկին դուստր-բանկ)։