Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել. Ալիևը՝ Միշուստինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպմանն Ալիևը նշել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի՝ ընդգծելով, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների համար։

«Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Այն կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,-ասել է Ալիևը:

Իր հերթին, Միշուստինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին վերջին ընտրություններում գրանցած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ․ «Սա ադրբեջանական ժողովրդի բարձր գնահատականն է այն բոլոր ջանքերի և ձեռքբերումների համար, որոնք արվում են Ձեր երկրում Ձեր ղեկավարությամբ»,- ասել է նա:

«Կցանկանայի նաև ասել, որ մեր անցակետերում տրանսպորտային կարողությունները հինգ անգամ ավելացել են»,-նշել է ՌԴ վարչապետը: