Ֆրանսիան դրոշ է պարզում Ռուսաստանի «հետնաբակում»՝ ռազմական գործարք կնքելով Հայաստանի հետ. Politico

«Ֆրանսիան դրոշ է պարզում Ռուսաստանի «հետնաբակում»՝ ռազմական գործարք կնքելով Հայաստանի հետ։ Երկու երկրների միջև պաշտպանական ավելի սերտ կապերը զայրացնում են նաև տարածաշրջանային մրցակից Ադրբեջանին»,-գրում է Politico-ն՝ անդրադառնալով  Երևանում կայացած Ֆրանսիայի ու Հայաստանի պաշտպանության նախարարների բանակցություններին։
Ֆրանսիան ցանկանում է` Հայաստանը իմանա, ինքը նրա թիկունքին է  հարևան Ադրբեջանի հետ լարվածության և իր պատմական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին։
Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։
Լըկորնյուի ինքնաթիռը գիշերային տեսողության ակնոցներ է բերել Հայաստանի համար,  նաև պայմանագիր է կնքվել ֆրանսիական PGM ընկերությունից ինքնաձիգ գնելու մասին, Եվրոպական կապալառու MBDA-ից կարճ հեռահարության «Միստրալ» հրթիռների գնման քննարկումներն ընթացքում են։
«Հայաստանն իրեն դավաճանված է զգում Մոսկվայի կողմից այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություններ ձեռնարկեց՝ վերադարձնելու հայաբնակ Լեռնային Ղարաբաղը: Ռուսաստանն այնտեղ խաղաղապահ զորախումբ ուներ, որը մի կողմ կանգնեց ու չմիջամտեց։

Հայաստանը նաև հասկացրել է, որ չի աջակցում Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում:

Բայց Կրեմլի ճիրաններից ազատվելը բարդ է. Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան փակելու մտադրություն չկա»,-գրում է աղբյուրը։