Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն ԱԺ-ում էր

Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն Ազգային ժողովում է։ Հ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:

«Տարիներ շարունակ հայ-ֆրանսիական հարաբերություններն ընկալվել են որպես առանձնաշնորհյալ, որում մեծ դեր է ունեցել նաեւ հայկական սփյուռքը Ֆրանսիայում: Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդեն բարձրացել են ինստիտուցիոնալ մակարդակի` հիմնված փոխադարձ շահերի վրա»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը` ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին` Եվրոպայի խորհրդարանում Հայաստանին աջակցելու համար, Ֆրանսիայի Սենատին` 2024 թվականի հունվարի 17-ին ընդունած բանաձեւի համար:

Անդրադառնալով Միսաք եւ Մելինե Մանուշյանների վերահուղարկավորման իրադարձությանը ֆրանսիական պանթեոնում` ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ` նա ընդգծել է, որ անսասան են երկու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունները:

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր յուրահատուկ տեղն ունի ֆրանսիական քաղաքական կյանքում: «Մեր հարաբերություններն առանձնահատուկ են: Մենք աջակցելու ենք Հայաստանին` դեպի խաղաղություն ճանապարհին»,- նշել է Նատալի Լուազոն:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, աննախադեպ համարելով ՖՀ անվտանգության նախարարի գլխավորությամբ պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է ՖՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ հայանպաստ բանաձեւերի ու որոշումների կայացման գործում:

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Հայաստանում անհրաժեշտ կարիքները հոգալու ծրագրերին: