Անչափահաս վարորդը Toyota-ով կոտրել է Արամ Մանուկյանի կիսանդրու մոտի ճաղավանդակն ու բախվել ՆԳՆ շենքի պատին. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Սոս Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական շենքի պատին՝ կոտրելով Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ տեղադրված ճաղավանդակը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր, ՌԴ քաղաքացի 20-ամյա Անաստասիա Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Քննիչի հանձնարարակնով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Կայքի տեղեկություննեւրով՝ վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք:

Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ վարորդը կին է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ճշտում են՝ այդ թվում վթարի հարակից տարածքում տեղադրված խցիկների նկարահանածը ուսումնասիրելու միջոցով, իսկ ավտոմեքենան վարձույթով է վերցված եղել:

Տեղում լրացուցիչ շտապօգնություն է ժամանել և բժիշկները օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգու, որոնցից մեկը ևս ՌԴ քաղաքացի է և աղջիկ:

Սակայն նրանք բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Բախման հետևանքով էլ ավտոմեքենայի առջևի անվահեծանը կոտրվել է: