Սենց գյուղավարի քաղաք չեք կարող ղեկավարել. Պեդրո Զարոկյանը՝ Ավինյանին

«Ես զարմանում եմ, պարո՛ն Ավինյան, հասկանում եմ, որ դուք ամբիցիաներ ունեք, կասկածելի ծախսերը, կոռուպցիոն գործարքներն շատացել են, ինչ եկել եք, բայց գոնե մի քիչ ձև արեք, որ քաղաք եք ուզում ղեկավարել»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց  «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

Նա հիշեցրեց, որ ընդունված չզեկուցվող հարցերից մեկով ավագանին թույլ տվեց Չարբախում 20 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի վրա երկու հարկանի տուն կառուցել, ինչը ոչ միայն կոռուպցիայի տարրեր է պարունակում, այլև գաղտնի է արվել և ավագանու անդամները մանրամասներից տեղյակ չեն։

«Այստեղ որտե՞ղ է այդ գոտիավորումը: Գոտիավորեք այդ 30 հեկտար տարածքը, ու որոշեք, թե քանի հարկանի տուն եք այդտեղ թույլ տալու կառուցել, ինչքա՞ն մանկապարտեզ կա, որ կարող է այդքան բնակելի շենքի հմապատասխանի, կամ ճանապարհները, պարկինգները համապատասխանեն: Գոտիավորեք այդ 30 հեկտար տարածքը, որ նախապես իմանանք՝ այդտեղ 2, 3, թե 20 հարկանի տուն ենք ունենալու: Սենց գյուղավարի քաղաք չեք կարող ղեկավարել»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծին՝ Զարոկյանն ասաց, որ չկա երկիր, որը սուբսիդիա չունենա՝ երկու պատճառով, որովհետև տրանսպորտը հանրային է և նպաստում է մաքուր օդին, խցանումներն է պակասեցնում, որ վթարներ չլինեն և այն պետության վրա ավելի քիչ է նստում, քան սուբսիդիան, որը հատկացվում է։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը հայտնեց, որ իրենք կողմ են, որ գները չբարձրացվեն, և փաթեթները չպետք է ուղևորությունների մասով սահմանափակում ունենան. «Մի քաղաք գիտե՞ք, որ նման սահմանափակումներ ունի: ՔՊ խմբակցության անդամներն ընդհանրապես քննարկումներ ունենո՞ւմ են իրար հետ, թե մանկապարտեզի երեխեքի պես գալիս միայն կոճակ եք սեղմում, նստեք՝ իրար հետ զրուցեք, մասնագետ չունեք՝ մասնագետ բերեք»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոռեկտության կոչ արեց Զարոկյանին. Վերջինս արձագանքեց. «Հերիքը ո՞րն է։ Այստեղ քաղաքի հարցե՞ր եք ուզում լուծել, թե կոճակ սեղմեք»։