Թուրք փորձագետները ուսումնասիրում են SWIFT-ի ռուսական անալոգին միանալու հարցը

Թուրք փորձագետները ուսումնասիրում են SWIFT միջազգային համակարգի ռուսական անալոգը հանդիսացող СПФС համակարգի կիրառման հնարավորությունները։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել է թուրքական բանկային սեկտորը ներկայացնող անանուն աղբյուրը։ Վերջինս նշել է, որ այժմ արդեն կան մի շարք երկրներ, որոնք միացել են այդ համակարգին և դա լավատեսություն է հաղորդում թուրքական կողմին, քանի որ այն հնարավոր է կիրառել։ Հետագա խնդիրներից խուսափելու համար, ըստ պարբերականի, երկու կողմերը ներկայացնող փորձագետները ուսումնասիրում են բոլոր մանրամասները։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի մեկից թուրքական ընկերությունները խնդիրներ են ունեցել բանկերի հետ՝ ՌԴ հետ կապված դրամական և վճարումնային գործառնություններ իրականացնելիս։ Թուրքական բանկերն իրենց հերթին խստացրել են ՌԴ հետ կապված գործառնությունները, խուսափելու համար Արևմուտքի պատժամիջոցներից։