Ղրղզստանի ղեկավարը ԱՄՆ-ն կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը պատասխան նամակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին, ուղերձի տեքստը երկուշաբթի հրապարակել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ Բլինքենն ավելի վաղ նամակ էր հղել Ջապարովին, որում մտահոգություն էր հայտնել «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում (այսպես կոչված՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենք»-Խմբ.) փոփոխություններ անելու օրինագծի վերաբերյալ, որը քննարկվում է երկրի խորհրդարանում։

Անցած ուրբաթ Ղրղզստանի արտգործնախարար Ջինբեկ Կուլուբաևը Բիշքեկում ԱՄՆ դեսպան Լեսլի Վիգերիին է փոխանցել պետության ղեկավարի պատասխան նամակը պետքարտուղարին։

«Ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Ձեր նամակի բովանդակությունը մեր պետության ներքին գործերին միջամտության նշաններ ունի»,- ասված է Ջապարովի ուղերձի տեքստում։

Նախագահի խոսքով՝ Ղրղզստանի խորհրդարանի կողմից քննարկվող օրինագիծը չի հակասում միջազգային նորմերին, և դրա հայեցակարգը մոտ է 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված Օտարերկրյա գործակալների գրանցման գործող օրենքի (FARA) հայեցակարգին։