Եթե պատերազմ լինի, ԱՄՆ-ը չի տուժի, այլ կտուժենք մենք՝ տարածաշրջանում ապրող երկրներն ու ժողովուրդները․ ԻԻՀ դեսպան

Կարծում եմ, որ 3+3 ձևաչափով կարելի է հաջողության հասնել, եթե մասնակից երկրները ցանկանում են հասնել իրական խաղաղության և կայունության։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«3+3 ձևաչափը նախատեսված է տարածաշրջանի երկրների խնդիրների լուծմանը՝ տարածաշրջանի երկրների միջոցով։ Իհարկե, եթե կան երկրներ, որոնք չմասնակցեցին այդ նիստերին, համոզված եմ, եթե այդ հարթակը շոշափելի ձեռքբերումներ արձանագրի, նրանք էլ կմասնակցեն։ Մեր դիրքորոշումն այն է, որ այդ խնդիրները ազդում են հենց մեր երկրների վրա, և հենց տարածաշրջանի երկրները պետք է լուծեն ու երաշխավորը լինեն այդ խնդիրների։ Եթե մրցակցություն կա, ուրեմն դա պետք է փնտրել տարածաշրջանից դուրս։ Կան հարթակներ, որոնք ձևավորվել են միայն  տարածաշրջանում լինելու համար։

Վերջերս, մի հայ մտավորականի հետ հանդիպմանը, նա կարևոր, դառը միտք ասաց, որ ԱՄՆ պաշտոնական անձանց հետ խոսում է Մինսկի խմբի առիթով։ Հարցրեցի՝ ինչի՞ համար էր ստեղծվել Մինսկի խումբը, 30 տարի կար, սակայն արդյունք չկար։ Այդ մտավորականի հետ խոսելիս հասկացա, որ Մինսկի խումբը այս տարիների ընթացքում ոչ մի արդյունք չի գրանցել։ Մինսկի խումբը ստեղծվել էր, որ նրանք իրենց ներկայությունը ապահովեն տարածաշրջանում։ Ենթադրում եմ, որ ԱՄՆ–ն խաղաղություն չի տենչում․ եթե պատերազմ լինի, ոչ թե նրանք, այլ մենք կտուժենք՝ մեր ժողովուրդը, տնտեսությունը, ենթակառուցվածքները։ Բնական է, որ մենք պետք է հետևենք իրական խաղաղություն հաստատելուն։ Կարծում եմ, որ 3+3 ձևաչափը կարող է հաջողություն ունենալ, եթե մասնակից երկրները իսկապես իրական խաղաղություն են ցանկանում»։