Փարիզի Պիկասոյի թանգարանում ցուցադրվում է Երվանդ Քոչարի տարածանկարը

Փարիզի Պիկասոյի թանգարանում բացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների  ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված  “Dans l’appartement de Léonce Rosenberg : De Chirico, Ernst, Léger, Picabia…” ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում է նաև  Երվանդ Քոչարի  1934 թ. ստեղծած տարածանկարը: Այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից։

Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ,  Ռոզենբերգը վերափոխել էր իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց այդքան սիրում էր: Այդ բնակարանում, որտեղ  ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել էր մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, 12 նկարիչներ և քանդակագործներ արժանացել էին այդ պատվին, նրանց ստեղծագործությունները ցուցադրվել էին ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում… Այս աշխատանքները զուգակցելով նաև  կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել էր ժանրերի անսովոր խառնուրդ:

Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա  1934թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին,  նույնպես ներառված է այս ցուցադրությունում:

Ցուցադրությունում կան նաև Մաեստրո Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ…

Ցուցահանդեսը բաց է  2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը: