ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա. ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ դեսպան

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։

Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա` այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։

«Փաստաթղթերը, որոնք ընդունվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նիստում, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ ուսումնասիրվում են Երևանի կողմից: Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ հայկական կողմը համաձայնություն է տվել, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարց չկա»,- ասել է Վասիլևը։