Դատարանում քննվող բռնության կոչերի 95%-ը ուղղված է Փաշինյանին և նրա աջակիցներին․ «Հետք»

«Հետք»-ը https://www.hetq.am/hy/article/163786 գրում է․ «2020 թ. ապրիլի 15-ին Քրեական օրենսգիրքը լրացվեց 226.2 հոդվածով, որը վերաբերում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։

Նոր Քրեական օրենսգրքում այդ հոդվածին փոխարինեց 330-րդը, համաձայն որի՝ արգելվում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

Հոդվածի ընդունումից ի վեր՝ 4 տարում դատարան է հասել 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68,4%-ը:

Եթե այս ցուցանիշները վերլուծենք ըստ տարիների, ապա կտեսնենք, որ 2020-ին այս հոդվածով որևէ գործ դատարան չի հասել: 2021-ին դատարան է հասել 12 գործ, որոնցից 10-ը Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների վերաբերյալ են, իսկ 2-ը՝ ընդդիմադիրների: 2022-ին դատարան է հասել 8 գործ, 2023-ին՝ 18. վերջին 2 տարիներին բոլոր գործերը Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին են առնչվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։