Հայաստանը գերիների վերադարձի և ադրբեջանական զորքերի հետքաշման հարցը նախապայման չի ներկայացնում․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված ասուլիսում անդրադառնալով հարցին, թե հայկական կողմը կարո՞ղ է նախապայման դնել, որ գերիները վերադառնան, հայկական բռնազավթված տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, որից հետո միայն բանակցեն «խաղաղության պայմանագրի» շուրջ, պատասխանեց․  «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին, և մեծ հաշվով հենց այս խնդիրների լուծման նպատակ ու առաքելություն ունի խաղաղության գործընթացը։ Նախապայման կա՞, թե ոչ։ Ոչ, հենց ի սկզբանե էլ ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից նախապայմաններ չեն ներկայացվել այս ողջ գործընթացի ընթացքում։ Մենք էլ այս թվարկած պայմանները որպես նախապայման չենք ներկայացնում, որպես նախապայման չենք ձևակերպել։ Բայց նաև մենք կարծում ենք, որ աշխատանքային պրոցեսի ընթացքում հնարավոր կլինի հղկել ու լուծել բոլոր այդ հարցերը։ Հակառակ դեպքում ուղղակի չի ստացվի խաղաղություն կնքել։ Որպես նպատակ ձևակերպել, կառուցել անկեղծ ջանքեր՝ խաղաղությանն օր առաջ հասնելու համար, սա մեզ համար մնում է ուժի մեջ։ Եթե ուզում եք գնահատական, որ մյուս կողմից դա մի քիչ այդպես չէ, ապա այդ գնահատականը ես արդեն հնչեցրեցի»,- ասաց նա։