Ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել. Տեղի համայնքապետն ու ավագանու անդամը մանրամասներ են ներկայացնում

Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցիները 200-ից ավելի ոչխար են գողացել։

Տեղեկությունն Tert.am-ին հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Կա նման բան, այդ մասով աշխատանքներ են տարվում։ Այս պահին ավելին չեմ կարող ասել, տեղս հարմար չի», – նշեց Ղուլունցը։

Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը Aysor.am-ին ասել է, որ մոտ 300 ոչխար է եղել. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։

Հարցին՝ այդտեղ հայկական սահմանին սահմանապահներ չկա՞ն կանգնած, ավագանու անդամը նշեց. «Իհարկե, կան, աշխարհազորը կանգնած է։ Աշխարհազորից 50 մ այն կողմ իրենց պոստն ա։ Ո՞նց են տարել։ Կրակելու հրաման էլ չեն տալիս, չեն թողնում»։

Դիտարկմանը, թե համայնքի ղեկավարի խոսքով աշխատանքներ են տարվում, մինչ այս պահն ի՞նչ է արվել, Հովսեփյանը նշեց. «Եթե համայնքի ղեկավարը տանում ա, դե թող տանի»։

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության։