Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի հիմնական շեշտադրումները

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից մանրամասներ են ներկայացրել բանաձևի վերաբերյալ:

«Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,

Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,

Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,

Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,

Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,

Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,

Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,

Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Բանաձևը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները` Բրունո Ռըտայոն, Մարիզ Կարրերը, Սեսիլ Սուկիերմանը, Գիյոմ Գոնտարը, Պատրիկ Կաները, Հերվե Մարսելը, Կլոդ Մալյուրեն և Ֆրանսուա Պատրիան, ինչպես նաև Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

Նիստը նախագահում էր Սենատի փոխնագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկա էր նաև Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը»,- հայտնում են դեսպանությունից։