Հայկական կողմի զիջումների արդյունքում կարող են գերիներին տալ․ «Հրապարակ»

2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակեց 2 ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններին: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Հայաստանին վերադարձված անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի գործողության ժամանակ գերեվարվածներն են, 6 անձ ձերբակալվել է սահմանի տարբեր հատվածներից: Նրանք 3 տարի գտնվել են Ադրբեջանի բանտերում։ Սեպտեմբերին գերեվարված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին Ադրբեջանը չի հանձնում, նրանց մասով որևէ տեղաշարժ չկա։ Գուցե պաշտոնական Երևանը նրանց չի է՞լ պահանջում:

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է. «Նախ ասեմ, որ այս պահին 23 հայեր պաշտոնապես հաստատված է, որ Ադրբեջանում են գտնվում, նրանց մեջ ներառված են քաղաքացիական անձինք, զինվորականներ և նախկին ղեկավարներ: Ունենք նաև գերեվարվածներ, որոնք պահվում են դեռևս 2020 թվականի պատերազմից: Կան նաև անձինք, որոնց ճակատագրերն անհայտ են: Ուսումնասիրության արդյունքում պարզ են դարձել, որ կան նաև գերեվարման դեպքեր, որոնք կապված են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ, խոսքը 8 տասնյակ հայերի մասին է, սակայն Ադրբեջանը նրանց գերեվարման փաստը չի ընդունում, ուստի չի ստանձնում նրանց ճակատագրերի վերաբերյալ դիրքորոշում: Կան նաև անհետ կորածներ, բայց միայն 23-ի հայրենադարձման հարցն է քննարկման ենթակա այս պահին: Մյուսների մասին միայն գիտենք, որ եղել են գերության մեջ և վաղ փուլում ողջ են եղել, սակայն չենք կարող ասել, թե երեք-չորս տարի անց ինչպիսի ճակատագրի են արժանացել` ո՞ղջ են, թե՞ մահացած»։

Իսկ ի՞նչ փուլում է հաստատված 23 հայ ռազմագերիների հայրենադարձման հարցը։ Սիրանուշ Սահակյանն ասում է. «Քաղաքական քննարկումների, բանակցությունների ընթացքում այս հարցը, բնականաբար, արծարծվում է: Հայկական զիջումների ընթացքում այս հարցը կարող է լուծում ստանալ, Ադրբեջանի դիրքորոշումը սա է: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ ռազմագերիների գործոնն օգտագործվում է քաղաքական ասպեկտում ճնշումներ բանեցնելու համար: Դատական ակտերի կայացման մասին խոսելը դեռևս վաղ է, պետք է որոշակի փուլեր հաղթահարվեն»:

Ինչպե՞ս է բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարների վիճակն այս պահին, կա՞ տեղեկություն նրանց մասին։ «Նրանց որպիսության հանգամանքների վերաբերյալ մասնակի տեղեկացված են նրանց ընտանիքները, սակայն կապը շատ կարճ է տևում, և քննարկման առարկա չի դառնում նրանց առողջական ու հոգեբանական վիճակը»,- եզրափակեց նա: