Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատվի սահմանազատման հարցից․ հայտարարել է Բայրամովը

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատվի սահմանների սահմանազատման հարցից: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ զեկուցելով Ադրբեջանի ԱԳՆ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին։

Ինչպես հայտնել էինք, Բայրամովը ճեպազրույցում անդրադարձել էր նաև հայկական ութ գյուղերի նկատմամբ իրենց հավակնությունների մասին՝ նշելով․ «Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։  Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծել է բաքվեցի պաշտոնյան:

Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տրամագծորեն հակառակ կարծիք էր հայտնել՝ ընդգծելով, որ համաձայնագրում պետք է նշվի սահմանազատման գործընթացի մասին, ինչը կանխատեսելի կդարձնի գործընթացը։