Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ողջ աշխարհի շահերին. Հնդկաստանի արտգործնախարար

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ողջ աշխարհի շահերին, Հնդկաստանը նախագիծն առաջնահերթություն է համարում։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Այդ նախագիծը համապատասխանում է թե՛ մեր, թե՛ ողջ համաշխարհային տնտեսության շահերին։ Այն մեր գլխավոր առաջնահերթություններից է»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը և Հնդկաստանը նախանշել են համագործակցության քայլերը Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման շրջանակում։

«Այսօր համաձայնեցրել ենք քայլերի մի ամբողջ շարք, որոնք թույլ կտան մեզ ընդլայնել համագործակցությունը, այդ թվում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման, Չեննաի-Վլադիվոստոկ երթուղու ստեղծման եւ Հյուսիսային ծովային ուղու յուրացման գործում համագործակցության համատեքստում, սա շատ հեռանկարային ուղղություն է»,- ասել է նա։