Եկեք, շտապեցեք Մայր Աթոռ մինչև այս երեկո․ Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է.

«Սիրելիներ,

Ամենախնամ Աստծո ողորմությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրեցինք, հիրավի, պատմական մեծ խորհուրդ արտահայտող  իրադարձություն. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ուղեկցությամբ Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մուտք գործեց Սբ Ներսես Դ. Շնորհալի Ամենայն Հայոց Կաթողիկոսը (1166-1173) ի դեմս իր սուրբ մասունքի:
Մայր Աթոռից, Մայր Հայրենիքից հեռու Հռոմկլայում ծվարած Սբ Ներսես Շնորհալի Հայրապետը երազել էր հաստատված լինել աստվածակառույց Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Եկեղեցու և համայն հայոց ազգի միեղեն Սրբություն Սրբոց Մայր Աթոռում: Ահավասիկ, այսօր իրականություն դարձավ Շնորհալի Հայրապետի երազը և նա իր շարականների ու «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո՝ Հռոմկլայից մուտք գործեց Սուրբ Էջմիածին:

Փառք Տիրոջը, որ Իր աստվածային նախախնամությամբ միշտ հաստատում է ճշմարտությունն ու արդարությունը՝ հաստատուն պահելով Իր իսկ սահմանադրածը:

Երախտագիտություն Բուլղարիայի հայոց թեմին՝ ի դեմս առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, Սբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի և բարեպաշտ ու էջմիածնասեր համայնքի, որ Սբ Ներսես Շնորհալի Հայրապետի հիշատակին ձոնված այս տարում Հայոց Հայրապետին մատուցեցին իր նախորդի՝ Սբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքը:

Թող Մեծ Հայրապետի բարեխոսությամբ Հայոց կյանքում միշտ բացվի ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈՆ և Արդար Արեգակ մեր Տեր Հիսուս Քրիստոս Սբ Էջմիածնից մեզ վրա առատ լույս ծագեցնի:

Եկեք, շտապեցեք Մայր Աթոռ մինչև այս երեկո՝ համբուրելու սուրբ մասունքը և ստանալու Շնորհալի Հայրապետի օրհնությունը»։