Հայաստանը պատրաստ է վերականգնել Գյումրի-Կարս և Երասխ-Նախիջևան երկաթուղիները. Միրզոյան

Հայաստանը պատրաստ է վերականգնել Գյումրի-Կարս և Երասխ-Նախիջևան երկաթուղիները։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեպի ծով ելք չունեցող երկրների՝ Երևանում ընթացող նախարարական հանդիպման ժամանակ։

Նախարարն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ հայտարարելով, որ Հայաստանը, որպես երկիր, որը երկար տարիներ գտնվել է շրջափակման մեջ, կենսականորեն հետաքրքրված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ՝ միջազգային նորմերին և երկրների ինքնիշխանության լիակատար հարգմանը համապատասխան։ Նախարարը նշել է, որ նիստի բացման ժամանակ ՀՀ վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը Հյուսիսը և Հարավը, Արևելքը և Արևմուտքը կապելն է, մարդկանց միջև կապերի ամրապնդումը՝ դրանով իսկ նպաստելով երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։

Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների վերականգնման և նորերի կառուցման ջանքերը։ Այս առնչությամբ նա նշել է Հյուսիս-Հարավ նախագծի կարևորությունը, որը կոչված է ոչ միայն ապահովել լավ կապ երկրի հյուսիսային և հարավային շրջանների, այլև Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ կարևոր տարանցման ճանապարհ դառնալով Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջև։

Նախարարն ընդգծել է Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Նռնաձոր-Ագարակ, Երասխ-Նախիջևանի սահման երկաթուղու վերականգնման պատրաստակամությունը։ «Խաղաղության խաչմերուկը» այլ լոգիստիկ նախագծերի մրցակիցը չէ,այլ կոչված է լրացնելու դրանք, ամփոփել է նախարարը։