Գերեվարված անձանց երեկվա փոխանակությունը կարելի է համարել զրոյական կետ. Նիկոլ Փաշինյան

Եթե Ադրբեջանը չի հրաժարվում արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին: Միակ հարցը, որ ծագում է, այն է, թե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը երբ կստորագրվի:

Այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա.  կարելի է կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք վկայում են, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել, որ նման զարգացումների  հավանականությունը մեծ է: Երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն, բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա: Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն ջանքեր գործադրել, որ հետագա բոլոր լուրերը ավելի շատը վկայեն խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման, և ոչ թե հակառակի մասին»,- ասաց Փաշինյանը: