Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 38

«Մենք ավելի մոտ ենք միջուկային աղետին, քան երբևէ». Նազարբաև

 

Սկիզբը` այստեղ 

Նազարբաևը նախազգուշացրել է, որ միջուկային աղետը մոտ է:

«Մենք ավելի մոտ ենք միջուկային աղետին, քան երբևէ,- երեկ, РБК- ի փոխանցմամբ , «Աստանա ակումբի» քննարկման հարթակում հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:-Նման հետընթացն ինձ հատկապես հուզում է, քանի որ մեր երկիրը մեծ ներդրում է ունեցել միջուկային զինաթափման գործում։ Առանց քաղաքական կամքի, գլոբալ մակարդակում այս ոլորտում շոշափելի առաջընթացի հասնելը գրեթե անհնար է»:

Նրա կարծիքով, երկխոսությանն այլընտրանք չկա, «եթե ցանկանում ենք խուսափել գլոբալ հակամարտությունից»:

Ինչպես հայտարարել է Նազարբաևը, միջազգային հարաբերություններում ուժային դիմակայության աճը, պատժամիջոցների ֆոնին համաշխարհային տնտեսությունում «բազմաճգնաժամը», կլիմայի փոփոխությունը և միջուկային սպառնալիքի նվազեցման ուղղությամբ համագործակցության թուլացումը հանգեցրել են նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորմանը:

Ռուսաստանը 2023թ. փետրվարին դադարեցրել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դա անհրաժեշտ է համարել այն պայմաններում, երբ Մոսկվային թույլ չեն տալիս ստուգել ամերիկյան օբյեկտները, իսկ ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում ուղղակիորեն խոսում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակի մասին: Վաշինգտոնը պայմանագրից դուրս գալը սխալ քայլ է անվանել։

Նոյեմբերին Ռուսաստանը հետ է կանչել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վավերացումը։ Ինչպես քանիցս պարզաբանել է Մոսկվան, տվյալ որոշումը չի նշանակում նման փորձարկումներ անցկացնելու պլաններ ունենալ, ՌԴ- ն պարզապես հավասարեցրել է իրավիճակը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը չի վավերացրել համաձայնագիրը:

Չեխիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կարել Ռժեկան երեկ չի բացառել Ռուսաստանի հետ արևմտյան երկրների պատերազմի հավանականությունը:

«Ռուսաստանի հետ պատերազմն աներևակայելի բան չէ, թեև այժմ մենք կարծում ենք, որ այն քիչ հավանական է»,- РБК- ի փոխանցմամբ , հայտարարել է նա Պրահայում ընթացող «Պատրա՞ստ ենք մարտի» խորհրդաժողովում:

Ռժեկայի խոսքով, որը մեջբերել է CTK լրատվական գործակալությունը, հակամարտությունը կարող է ծագել լարվածության սրման ֆոնին, թեև դրա ուժեղացում ոչ ոք չի էլ ցանկանում։ Նա կոչ է արել պատերազմից խուսափելու համար վախեցնել Ռուսաստանին:

«Ռուսաստանը պատրաստվում է էլ ավելի ինտենսիվ և երկարատև պատերազմի»,- հայտարարել է նա:

Չեխիայի գլխավոր շտաբի ղեկավարի կարծիքով, համաձայնագրի միջոցով հակամարտությունից խուսափել հնարավոր չէ, կաշխատի միայն զսպումը, Ռուսաստանի և Չեխիայի միջև զինված դիմակայությունից կարելի է խուսափել միայն ահաբեկելով և սեփական ռազմական հզորությունը ցուցադրելով:

«Ռուսաստանն իսկապես պետք է տեսնի, որ մենք ինքներս մեզ պաշտպանելու ունակություն և կամք ունենք,- ասել է նա:- Խոսքն ինչ- որ հռչակագրի մասին չէ, նրանք պետք է տեսնեն, որ դա (Չեխիայի վրա հարձակվելը.- Ա.Հ.) իսկապես անօգուտ է»:

Այսպիսով եվրոպական այս հերթական ստահակի կողմից փորձ է արվել Ռուսաստանը ներկայացնել իբրև ագրեսոր պետություն, որն Ուկրաինայի հարցերը լուծելու դեպքում կարող է հարձակվել Չեխիայի վրա, հետևաբար պետք է լավ զինվել, մեծացնել և առավել մարզել բանակը, որպեսզի Ռուսաստանը վախենա ու չհամարձակվի հարձակվել:

Նա, ըստ էության, կրկնել է ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի , նրան երկրորդած Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիի  և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի  այն վայրահաչությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինան գրավելուց հետո կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, մեկնաբանելով Բայդենի և Քիրբիի հայտարարությունները, ամերիկյան իշխանություններին կոչ է արել ուշքի գալ և դադարեցնել ամբողջ աշխարհում քաոս սերմանելը ՝ փորձելով պաշտպանել Վաշինգտոնի հեգեմոնիան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է «Արևմտյան պաշտոնյաների ավելի ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությունը, որոնք չեն ամաչում բարձրագոչ հայտարարություններ անել ուկրաինական հակամարտության թեմայով»:

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքով, բայց չպետք է մոռանալ, որ այն ունի, հիշեցրել Է Պուտինը։ Միջուկային պատերազմ սկսելու հնարավորության մասին հռետորաբանությունը, նրա խոսքով, հաճախ պարունակվում է շատ բարձր մակարդակի, բայց անպատասխանատու քաղաքական գործիչների հայտարարություններում:

Հիմա պարզաբանենք, թե ինչ է թաքնված Բայդենի, Քիրբիի, Քեմերոնի, Ռժեկայի և արևմտյան այլ ճիվաղների հայտարարությունների ետևում…Միամտություն կլինի կարծելը, թե նրանք հիմար են և իսկապես մտածում են Ուկաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելուց հետո ՆԱՏՕ- ի անդամ այս կամ այն պետության վրա (թեկուզ Արևելյան Եվրոպայի) Ռուսաստանի հարձակման մասին:

Իհարկե, վերոնշյալ պաշտոնյաների հիշյալ հայտարարությունները  նպատակ ունեն վախեցնել եվրոպական պետություններում ապրողներին, որպեսզի նրանք իշխանությունների դեմ չընդվզեն սպառազինության (հիմնականում ամերիկյան) ձեռքբերման նպատակով կատարվող ահռելի ծախսերի պատճառով: Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, վերջին հաշվով, ԱՄՆ-ն ահռելի շահույթներ ունեն եվրոպական պետություններին սպառազինության վաճառքից, իսկ Չեխիան և եվրոպական գրեթե բոլոր պետություններն ԱՄՆ- ի վասալներն են: Հիմնական պատճառը, այսուհանդերձ, սա չէ:

ՆԱՏՕ- ի անդամ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ (մասնավորապես՝ Չեխիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, մերձբալթյան պետություններ) ՌԴ- ին ռազմավարական պարտության մատնելու ԱՄՆ- ի հռչակած նպատակի իրագործման կամ, նոր ձևակերպմամբ , ընթացող հակամարտությունում Պուտինի հաղթանակը թույլ չտալու համար, հենց Միացյալ Նահանգների ցուցումով կարող են 2024թ. կատարել մի չափազանց վտանգավոր քայլ:

Ըստ ռուսական պաշտոնյաների, այդ քայլը կնշանակի Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության մեջ մտնել, և այդ դեպքում ՌԴ-ն, բնականաբար, հարկադրված կլինի պատասխան քայլի դիմել: Դժվար չէ հասկանալ, որ հրթիռները կուղղվեն եվրոպական այն բոլոր երկրների օդանավակայաններին, որտեղից Ուկրաինային շուտով տրվելիք F- 16 բազմանպատակային կործանիչները, հնարավոր է, թռիչքներ կատարեն ՌԴ նոր և նախկին տարածքներում գտնվող թիրախներին հարվածելու, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի երկնքում օդային մարտերին մասնակցելու համար:

Ո՞րն է, անկասկած, ԱՄՆ- ի ցուցումով վերոնշյալ քայլի նպատակը. կամ սադրել Ռուսաստանին, որ նա առաջինը հարվածի ՆԱՏՕ- ի անդամ պետության տարածքում գտնվող թիրախին, ու դրանից հետո համարել, որ իրավունք ունեն գործադրելու Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ 5- րդ հոդվածը, այսինքն՝ ՆԱՏՕ- ի, նրա անդամ պետությունների կողմից, թեկուզ սովորական սպառազինությամբ, հարվածներ հասցնել ՌԴ- ին, կամ պարզապես անտեսելով տվյալ քայլի սադրիչ բնույթը, նշված երկրների օդանավակայաններում պատսպարել Ուկրաինային տրվելիք F- 16 կործանիչները, քանի որ ուկրաինական օդանավակայաններում դրանք կարող են ռուսական հրթիռների թիրախ դառնալ:

Լեհաստանի, Ռումինիայի և Սլովակիայի ավիացիոն բազաներից F-16 կործանիչների թռիչքը հավասարեցվում է ուկրաինական հակամարտությանն այդ երկրների մասնակցությանը։ Այս մասին, Lenta.Ru- ի տեղեկացմամբ, Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:

«Վճռականորեն զգուշացնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ նշված երկրների տարածքից կործանիչների (F-16) կիրառումը Մոսկվայի կողմից կդիտարկվի որպես նրանց մասնակցություն Ուկրաինայի հակամարտությանը և Ռուսաստանին կստիպի պատասխան միջոցների դիմել»,- ասել է Գավրիլովը։

Դիվանագետի խոսքով ՝ ԱՄՆ-ն և նրա արբանյակներն այլևս չեն թաքցնում «իրենց քաղաքականության ագրեսիվ բնույթը ռազմական դոկտրինների բացառապես պաշտպանական ուղղվածության մասին ձևակերպումների հետևում» և շարունակում են անվտանգության սպառնալիքներ առաջացնել Ռուսաստանի արևմտյան սահմաններին:

«ՆԱՏՕ-ի պետությունների ազգային և կոալիցիոն դոկտրինալ դրույթներում ամրագրվում են գլոբալ և տարածաշրջանային գերիշխանության հավակնություններ, որոնց նախատեսվում է հասնել ռազմական ուժի կիրառմամբ»,- հստակեցրել է նա:

Ավելի վաղ Գավրիլովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ոչնչացնում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետությունը՝ այս ոլորտում հիմնարար փաստաթղթերի հիմնական դրույթների խախտմամբ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան