ԵԱՏՄ-ին անդամակցությունն այլընտրանք չունի. ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, թե Հայաստանը վերջին մի քանի տարում, լինելով ԵԱՏՄ անդամ, մեծ հաջողություններ է գրանցել, նաև՝ տնտեսական։

Ըստ նրա՝ նախորդ տարի Հայաստանն ունեցել է 12,7% տնտեսական աճ, ինչը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի մասշտաբով առաջիններից էր, և այս բոլոր ձեռքբերումները Հայաստանն ունեցել է ԵԱՏՄ շրջանակներում գործունեություն ծավալելիս։

«Շատ նորմալ է, որ մենք մասնակցենք ԵԱՏՄ նիստերին»,- ասել է նա՝ հավելելով․ «Վարչապետի այցերի մասին մենք տեղեկանում ենք պաշտոնապես՝ կառավարության աղբյուրներից և հայտարարություններից, և թույլ տվեք, որ ես հղում անեմ կառավարության աղբյուրներին: Ես ասացի իմ կարծիքը, և կարծում եմ, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին այլընտրանք չունի մեզ համար, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը բավականին դրական բաներ է բերում մեր երկիր»։