Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանում հարատև կայունության ու խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։

ՀՀ ԱԳ նախարարը.

ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները,

անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը,

ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը,

անդրադարձ է կատարել նաև տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականությանը և Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժին:

Շարունակելով տարածաշրջանային նշանակության թեմաները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը.

ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ,

անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչների՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար: