Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական խոր արմատներ ունեն:

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Սիրիան և Հայաստանը քաղաքակրթական միասնության մեջ են, և Սիրիայի կառավարությունը մշտապես բարձր է գնահատել հայկական մշակույթը:

«Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման շատ մեծ դերակատարում կարող է ունենալ: Սիրիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին այդ գործում, քանի որ մենք հետաքրքրված ենք ընդլայնելու նաև մեր համագործակցությունն արվեստի տարբեր ոլորտներում»,- ասել է Նորա Արիսյանը: Նա նշել է երաժշտության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը՝ տարբեր գործիքների, ուսուցիչների փորձի փոխանակմամբ, վարպետաց դասերի անցկացմամբ:

Դեսպանը տեղեկացրել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մատենադարանի ղեկավարության հետ, քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախանշվել են Մատենադարանում հայկական և սիրիական ձեռագրերի ցուցահանդես, գիտաժողով կազմակերպելու հեռանկարները: