Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև. Մնացական Սաֆարյան
«Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման միջոցով ջանքեր է գործադրում վերագործարկելու և արդիականացնելու երկրի համապատասխան ենթակառուցվածքները»,- «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ ծրագրի միջոցով Հայաստանը ոչ միայն կբարելավի իր կարողությունները, այլև Հայաստանին հնարավորություն կընձեռվի լիարժեք մասնակցել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին և այլ նախաձեռնություններին։
Մ. Սաֆարյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս գործընկերության զարգացմանը տարածաշրջանային և գլոբալ նշանակության նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի իրագործումը և Հնդկաստանի ու Իրանի համատեղ նախաձեռնած Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրերը:
ԱԳ փոխնախարարի կարծիքով՝ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև: Այս առումով չափազանց կարևոր է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն, որը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրի և հաղորդակցության հետագա ընդլայնման համար։