ՀՀ փոխվարչապետ Խաչատրյանն ու Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության հարցերով տնօրեն Լիոնել Ռաֆայիլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրան:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը:

Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշներին և տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:

Մտքեր են փոխանակվել նաև երկարաժամկետ հեռանկարում Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչության համար կայուն կենսապայմանների ապահովման համար անհրաժեշտ աջակցության հնարավոր գործիքակազմի վերաբերյալ՝ կարևորելով այս ուղղություններով համագործակցության անհրաժեշտությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, քաղաքային զարգացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով փոխգործակցության վերաբերյալ: