Բաքվում պահվում են 55 հայեր. 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերևարված անձինք դեռևս գտնվում են Ադրբեջանում, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ, «Առավոտի» փոխանցմամբ, նա նկատեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը:

Մեր դեպքում գոյություն ունի նաև Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաև քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերևարումներն էին, այդ թվում նաև Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների:

Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն ինքնուրույնաբար չմոտեցավ ռազմագերիների խնդրին և պատշաճ չբարձրաձայնեց Ադրբեջանի բացթողումների մասին:

Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, այդ թվում 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։