Մեր ժամանակի հերոսները. Հայկ Հակոբյան

Մեր ժամանակի հերոսները:

Հայկ Հակոբյանը ծնվել է 2003 թվականի ապրիլի 11-ին՝ Երևանում, ապրում էր Արմավիրի մարզի Մերձավան գյուղում։ Հայկը դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում առաջնորդին բնորոշ հատկություններով։ Չորս տարեկանից զբաղվում էր ֆուտբոլով, բազմաթիվ հաջողություններ է գրանցել ֆուտբոլում, պատվոգրեր, մրցանակներ: Հայկը ծառայության էր անցել 2021 թվականի հուլիսի 27-ին, այդ ժամանակ մեծ եղբայրն էլ էր ծառայում: Նախ ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Կապան։ Վերջին անգամ ընտանիքի անդամների հետ հեռախոսով կապ է հաստատել սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 10։30-ի սահմաններում և ասել, որ շրջափակման մեջ են հայտնվել:

Շրջափակման մեջ ընկած տղաները ինքնապաշտպանություն էին կազմակերպել, կրակել էին մինչև վերջ: Հայկը սկզբում ավտոմատով էր կրակել, հետո ՊԿ-ով, հետո որոշել էին ճեղքել շրջափակումը: Հայկը իր վրա էր վերցրել տղաների թիկունքը պահելու պարտավորությունը: Նա պիտի դիմահար կրակեր ադրբեջանցիներին, որպեսզի տղաները կարողանային հեռանալ: 7 հոգուց միայն 3-ը փրկվեցին: Հայկը այդպես էլ չմիացավ շրջափակումը ճեղքած տղաներին. ադրբեջանցի դիպուկահարը մահացու էր խոցել: Մահացու վիրավորումը ստացել է վզի՝ կոկորդի հատվածում: Հայկը Հակոբյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին: