«Զանգ» շարժումը սկսել է Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային ակցիաները․ հիմքում պետություն ունենալու գաղափարն է․ Տաթևիկ Հայրապետյան

«Զանգ» շարժումը սկսել է Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային ակցիաները։ Շարժման հիմքում պետություն ունենալու գաղափարն է․ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Նրա խոսքով, կան լուրջ ռիսկեր, որ 2-3 ամիս հետո կարող ենք հատել անդառնալիության կետը բուն ՀՀ ունենալու հետ կապված։ Նա հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը՝ «Արցախի հարցը փակված է, թիրախում Հայաստանն է», նշեց․ «Մշակվում է այդ կոնցեպտը։ Իհարկե, Հայաստանի հանդեպ տարածքային հավականությունները նոր չեն, բայց առաջին անգամ Ադրբեջանում  պետական մակարդակով մեր երկիրը սկսվում է  կոչվել «Արևմտյան Ադրբեջան»։ Հենց այսօր Ադրբեջանի պետական  հեռուստաընկերությունը Սյունիքի  շրջանը ներկայացնում է  որպես հին ադրբեջանական հող։ Մեկ-երկու  գործողությամբ չեն բավարարվելու, հստակ մշակված  գործողությունների ծրագիր է մի քանի նպատակներով. հնարավոր ագրեսիվ գործողություններ, մյուսը՝ հստակ պատրաստված  մարդկանց մուտք Հայաստան, որոնք անկայունություն կհրահրեն։ Այսինքն, կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առաջ», – ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Փորձագետը մտավախություն հայտնեց, թե Ադրբեջանը  2-3 ամիս հետո կարող է գնալ գործողությունների Հայաստանն Իրանին, Վրաստանին կապող ուղիների շրջանակներում, որն իրականում  բլոկադայի մեջ է դնելու Հայաստանը. «Այսինքն կկիրառվի մոտավորապես այն սցենարը, ինչ տեղի ունեցավ Արցախի նկատմամբ։ Եթե Արցախում մարդիկ տեղ ունեին գալու, մենք տեղ չունենք գնալու։ Սա մեր վերջին հանգրվանն է։ Կամ  կանգնում ենք, փորձում պաշտպանել մեր հանգրվանը, կամ  ամեն մեկը  իր գլխի ճարն է  տեսնելու ու փորձելու է ինչ-որ երկրում իր համար ապաստան գտնի»։

Տ. Հայրապետյանը նշեց, որ այսօր հենց դրա համար են փողոց դուրս եկել, սկսելու քաղաքական անհնազանդության ակցիաներ, որոնք պետք է բերեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, որովհետև նա որևէ կերպ կոմպետենտ և ունակ չէ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, տարածքների անձեռնմխելիությունը։