Այսպես խոսեց Փաշինյանը

Թերևս գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ունի անձի երկվություն, այն է՝ ընդդիմադիր Փաշինյան և վարչապետ Փաշինյան։ Այս փաստը վկայող բազմաթիվ օրինակներ կան, բայց պատճառը, թե ինչու է այդպես, կթողնենք մասնագետների վերլուծությանն ու ձեր հետևություններին։

Բերենք հերթական օրինակը․

Եվ այսպես, ոչ վաղ անցյալում՝ 2017 թ․ մայիսի 18-ին «ԵԼՔ» խմբակցության» ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, խոսեց այսպես․

«․․․վերջին տարիներին անդադար և անընդմիջում Հայաստանի բոլոր պետական և քաղաքական ամբիոններից հնչում է հակակշիռների և զսպումների անհրաժեշտության մասին հայտարարություններ։ Սրա մասին խոսում են բոլորը՝ թե ընդդիմությունը, և թե իշխանությունը, բայց փաստն այն է, որ այդ բազմաթիվ ելույթների ֆոնին և այդ բազմաթիվ ելույթներից հետո Հայաստանի իշխանության ներսում հակակշիռների և զսպումների իրական մեխանիզմներ չկան և գոյություն չունեն։ Ընդհանրապես նախատեսված է, որ ամենակարևոր հակակշռող և զսպող գործոնը, կենտրոնը պետք է լինի Ազգային ժողովը, բայց վերջին տարիների և ընդհանրապես 3-րդ հանրապետությունում հաստատված ավանդույթի համաձայն, Ազգային ժողովը ոչ միայն հակակշիռ չէ, այլև շատ հաճախ և շատ արագ դառնում է գործադիր իշխանության կցորդը, և սրա օրինակները մենք տեսել ենք, և շատ դեպքերում ԱԺ-ին Բաղրամյան 26-ից են հուշում, օրինակ՝ Կառավարությունը լա՞վ ա աշխատում, թե վատ ա աշխատում, պետք է նրան հեռացնե՞լ, թե պետք է պահել, և այլն։ Հիմա Ազգային ժողովին այս ոչ այնքան պատվաբեր դերակատարումից հանելու ձևը ընդդիմադիր ԱԺ նախագահ ունենալն է, և սա մի քայլ է, որը գործնականում կապացուցի, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք իշխանության ներսում և ընդհանրապես քաղաքական համակարգում ունենալ հակակշռումների և զսպումների մեխանիզմներ։ Այսօր առավոտյան, եթե սխալ չեմ տեղեկացել, Սերժ Սարգսյանն այս ամբիոնից ասել է, որ կարևորագույն կամ մարդու իրավունքների հետ կապված պաշտոններում ընտրեք նրան, որը ոչ թե թիմակից է, այլ ընտրեք նրան, որը առավելագույնս լավ կկատարի այդ աշխատանքը։ ․․․էստեղ ասվեց, որ շատ կարևոր է, Ղարաբաղի հարցի կոնտեքստում շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը լինի մարդասիրական մասնագիտության տեր։ Այո, ես կարծում եմ, որ մանկաբույժի մասնագիտությունից պակաս մարդասիրական չէ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտությունը, որովհետև ինչպես արդեն ասացի, Էդմոն Մարուքյանը իրավապաշտպան չէ։ Եվ էս առումով ես կարծում եմ՝ այո, Հանրապետական կուսակցությունը հենց ձեր նշած շահերի տեսակետից հնարավորություն ունի ցույց տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբերությունը, ինչը դուք ամեն անգամ կամ մենք բոլորս ամեն անգամ ուզում ենք անել։ Երբ որ ասում եք, որ չկա աշխարհում նախադեպ, որ փոքրամասնության ներկայացուցիչն ընտրվի ԱԺ նախագահ և ուզում եք ցույց տալ Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը, Ադրբեջանում, ես երաշխավորում եմ, փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող լինել ԱԺ նախագահ։ Հիմա ապացուցեք, որ ՀՀ-ում կարող է ստեղծեք էդ նախադեպը, և երաշխավորում եմ, որ միջազգային բոլոր լրատվամիջոցները կխոսեն Հայաստանի մասին, և էն պետական բյուջեից, բյուջեի կատարողականներում կարդում ենք Հայաստանը գովազդելու ծրագիր՝ 5 մլն, 10 մլն դոլար, հոլովակ նկարենք, չգիտեմ ինչ անենք, էս մարդուն հրավիրենք, էն մարդուն հրավիրենք, ոչ մեկի պետք չի հրավիրել, կա թեկնածու, կա Ազգային ժողով, ընտրեք և 15 օր անվճար Հայաստանի Հանրապետությունը կգովազդվի բոլոր միջազգային հարթակներից որպես ահա այսպիսի պետություն, որտեղ տեղի է ունենում այն, ինչ օրինակ անհնար է Ադրբեջանում։ Հետևաբար, տիկնայք և պարոնայք, ընդհանրապես էլի եմ ասում, էս հակակշիռների թեման Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից այնքան ենք լսել, որ հիմա, կարծում եմ, լավագույն շանսն է, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը և ոչ միայն մեծամասնությունն ապացուցի, որ ինքը հավատում է իր ասածներին, որովհետև մեր պաշտոնյաների ելույթները լսելիս 2 տարբերակ է, կամ ընդհանրապես ելույթից առաջ իրենք մի ամիս գնում են բոլորովին ուրիշ երկրում՝ եվրոպական, սկանդինավյան երկրներում են ժամանակ անցկացնում, կամ նրանց ռեֆերենտներն ապրում են էնտեղ և ռեֆերենտները գրում և ուղարկում են էնտեղից, առավել ևս որ 2012թ․, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցությունը հանդես էր գալիս «հավատանք, որ փոխենք» կարգախոսով։ Հիմա այդ ընտրություններից 5 տարի անց հռետորական և ոչ միայն հռետորական հարցը հետևյալն է՝ հավատո՞ւմ եք արդյոք ինքներդ ձեր ասածներին և հավատո՞ւմ եք արդյոք, որ դուք որևէ բան փոխելու ընդունակ եք։ Այդ հարցի պատասխանը ես չեմ պատրաստվում տալ, այդ հարցի պատասխանը կտա ձեր քվեարկությունը ԱԺ նախագահ ընտրությունների ժամանակ։

Շնորհակալ եմ»։

Ինչ խոսք, առաջին հայացքից գեղեցիկ է ասված, բայց միայն առաջին հայացքից, քանզի ընդամենը հերթական պոպուլիզմի և մանիպուլյացիաների դրսևորումն է։ Նախ խորհրդարանական պետությունում, որտեղ ժողովուրդն իր ձայների մեծամասնությունը ժամանակավոր (5 տարի ժամկետով) տվել էր Հանրապետական կուսակցությանը, ինչը իրենից ենթադրում է, որ իշխանությունը վստահված է նրանց, մեղմ ասած, արդար չէր լինի սեփական ընտրողների հանդեպ հենց այդ պատասխանատվությունը իրենց վրայից վերցնել և փոխանցել ԱԺ փոքրամասնության ներկայացուցչին, ինչ է թե՝ Փաշինյանն այդպես է ուզում, էլ չենք խոսում իրավական կարգավորումների մասին։ Բայց ինչպես ասում են՝ սրա մասին հաջորդ դասին։ Ավելի ուշագրավ է այլ փաստ։

Ընդդիմադիր Փաշինյանը շատ ոգևորված խոսում էր այն մասին, որ արհեստածին և բռնապետական Ադրբեջանից տարբերվելու համար պետք է ԱԺ նախագահ նշանակել փոքրամասնության ներկայացուցչին, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն այսօր ոչ միայն չի հետևում իր ասածներին և դրանով արժանանում միջազգային լրատվամիջոցների 15-օրյա ուշադրությանն ու լուսաբանմանը՝ առանց գումար մսխելու (ինչը այս իշխանության մոտ շատ լավ է ստացվում), այլև ամեն կերպ փորձում է ընդօրինակել բռնապետ Ալիևին՝ իր կիրթ և կառուցողական գործըկերոջը։ Դրա վառ վկայությունն է այսօր աննախադեպ թվերի հասնող քաղբանտարկյալների առկայությունը, որոնք «իրենց իրավունք են վերապահել» հակադրվել փաշինյանական կառավարմանը և հանրությանը ներկայացնել վերջինիս պետականակործան գործունեությունը, էլ չեմ խոսում հենց նույն ԱԺ-ում ՔՊ-ի և կառավարության սինխրոն աշխատանքի (խոսքը կառավարության ցանկացած ծրագրի՝ կապ չունի պետականամետ է, հայակենտրոն, թե այլակենտրոն, միաբերան գովերգման և քվեարկության մասին է) դրսևորման և մի մարդու կողմից հրահանգավորված գործունեության մասին։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ցիտելուն, որը, այո, բազմիցս է ընդգծել, թե պետք է մասնագիտական որակներին առաջնահերթություն տալ, ապա ինչո՞ւ այսօր երբեմնի ընդդիմադիր Փաշինյանը, որ իշխանության եկավ 2018-ին հենց նմանօրինակ խոստումներով, չի փորձում մարդասեր և իր գործին գիտակ, պրոֆեսիոնալ մասնագետներով շրջապատել իրեն և նշանակել պատասխանատու պաշտոնների, այլ պաշտոններ է շնորհում բացառապես յուրայիններին, ովքեր հնարավորինս շատ են գովերգում իրեն և իր վարած քաղաքականությունը։

Ինչպես ասում են՝ խոսքն ու գործը տարբեր բաներ են, և եթե 2018-ին հասարակությունն ինչ-որ տեղ կարող էր մոլորվել, այսօր դրա իրավունքը չունի, քանզի ակնհայտ է, որ ընդդիմադիր Փաշինյանի խոսքը գործ չդարձավ վարչապետ Փաշինյանի կողմից․ այդ ամենի հետևանքով կորցրեցինք մեր Արցախի Հանրապետությունն ու հազարավոր հայորդիների, և սպառնալիքի տակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու պետականությունը։

Ժաննա Ծառուկյան