Եթե Արցախի կորստյան հետ հաշտվենք, ոչ ճշմարտություն կունենանք, ոչ արդարություն, ոչ էլ խաղաղություն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե ինչ դրսևորում ունի ինքը՝ ամենավատից մինչև ամենաբարձրը, իր սրտի խորքում ցավում է, մեր Հայրենիքի առժամյա կորստով, Արցախ աշխարհի կորստով: Այս մասին իր քարոզում ասել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Եվ շատ հաճախ էլ լռում է, ոչ թե որպեսզի ցավը չարտահայտի, այլ առաջինը՝ ցավն իր մեջ պահելով՝ մի տեսակ ընդարմացնի կամ փորձի բուժել, և երկրորդը՝ որովհետև այդ կորստյան հետ ուզում է ինքն էլ դառնա սովորական և հաշտ։ Շատ պարզ է։

Եվ եթե մենք դարձանք սովորական ու հաշտ, մենք ոչ ճշմարտություն կունենանք, ոչ արդարություն կունենանք և ոչ էլ դրանից բխած՝ խաղաղություն կունենանք։

Մենք կլինենք այն մարդու նման, ում անընդհատ անարգում են, անպատվում են, ձեռքից խլում են, նվաստացնում են, ծնկի են բերում, ծաղրում են, հեգնում են, և այդ մարդն այդ բոլորի հետ հաշտ և սովորական դարձած ապրում է, և այնպես է ձևացնում, թե իրեն ոչ մի բան էլ չի պատահել։

Պատահե՛լ է, ժողովուրդ, պատահե՛լ է։ Աղե՛տ է պատահել, սարսափելի աղետ, Հայրենի՛ք եք կորցրել։ Եթե չգիտեք, ասում եմ ձեզ՝ Հայրենիք եք կորցրել»,- նշել է Սրբազանը։