ՌԴ ռազմաբազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա. փոխարտգործնախարար

Հայաստանի և Ռուսաստանի միջև աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Դիտարկմանը, թե ՌԴ-ից հնչում են գնահատականներ առ այն, թե հայկական կողմն առաջիկայում կդնի Գյումրուց ռուսական բազան հանելու, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցերը՝ Սաֆարյանն ասաց, որ այս փուլում օրակարգում նման հարցեր չկան։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն արդեն փակ է, քանի որ Իրանը այլընտրանք է առաջարկել՝ Սաֆարյանը պատասխանեց, որ Հայաստանի համար մոտեցումները հստակ են. «Վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում շատ հստակ ներկայացվել են մեր բոլոր մոտեցումները տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման վերաբերյալ»։