Մենք արձանագրում ենք բազմաթիվ ֆեյքեր՝ Ղարաբաղի բնակիչների վերադարձը թույլ չտալու համար. Զախարովա

Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունները՝ Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ թվում է, որ սա շատ կարևոր և ժամանակին արված ազդանշան է, և մենք ամեն կերպ աջակցելու ենք այս գործընթացին, որը  սկզբունքային նշանակություն ունի  Բաքվի և Երևանի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջոցով։ Ի դեպ, մենք բազմաթիվ ֆեյքեր ենք արձանագրում, որոնք ստեղծվում են, որպեսզի հնարավորություն չտան այս տարածաշրջանի, այս տարածքների բնակիչներին վերադառնալ։ Ոմանց վախեցնում են ինչ-որ մտացածին սպառնալիքներով, ոմանց համար կեղծ տեղեկություններ են նետում, որ իրենց տներից ոչինչ չի մնացել: Դա ճիշտ չէ։ Մենք առնվազն տեսնում ենք այս տեղեկատվական արշավները, որոնք այժմ ակտիվորեն  անց են կացվում։ Բայց ինձ թվում է, որ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա,  մասնավորապես, այս դեպքում ես մեջբերեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքը և ռուսական կողմի այն հայտարարության վրա, որը  հենց նոր ես արեցի»,- ասել է Զախարովան։