Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասել է, որ մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են մոտեցումների հստակեցման, փոխանակման համար։ Նրա խոսքը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումներն իր աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման, դիրքորոշումների հստակեցման համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլում ընդունվում Փաշինյանի որոշումը և ինչպե՞ս են գնահատում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «դեռևս մնում է արդիական»։

«Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են դրա մասին, առնվազն համապատասխան ոլորտներում փոխգործակցության այս ձևաչափի պահանջը մասնակիցների կողմից», – շեշտել է Պեսկովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին, և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: