Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան չեն գրանցվել Երևանում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար
Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները չեն գրանցվել Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար: Այդ մասին Հանրային Հ/Ը-ին տված «Հարցազրույցում» հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում՝ նոյեմբերի 18-20-ը: Հայաստան կժամանեն 50 երկրների շուրջ 300 պատվիրակներ:
«56 երկրների պատվիրակություններին հրավերներ են ուղարկվել կազմակերպության միջազգային քարտուղարության անունից։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատգամավորները չեն հաստատել մասնակցությունը։ Թեև ադրբեջանցի պատվիրակները նախապես բարձրացրել են անվտանգության երաշխավորման հարցը, իսկ Հայաստանի ԱԺ-ն պատրաստակամություն է հայտնել երաշխավորել անվտանգությունը։ Մի քանի օր է մնում, ենթադրում եմ, որ չեն գա», – նշել է Խանդանյանը։
Պատգամավորը հայտնել է, որ պատճառներն իրեն հայտնի չեն, տեղեկություններ չկան նաև միջազգային քարտուղարությունից:
Խանդանյանի խոսքով՝ քննարկումներում առաջնային են լինելու Հայաստանը և նրա շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը․ «Բանաձևերի ընդունում չի սպասվում, այն ավելի շատ քննարկումների հարթակ է։ Հայտարարություններ կհնչեն տարբեր երկրների պատգամավորների կողմից։ Շատ պատգամավորներ կգան Հայաստան՝ աջակցության»,- ասել է նա։