Իսրայելի և Քաթարի միջև բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման շուրջ. Սալիվան

Աշխույժ բանակցություններ են ընթանում Իսրայելի և Քաթարի միջև, որը կապ  է պահպանում ՀԱՄԱՍ-ի հետ, և ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է այդ քննարկումներում։ Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ըստ Սալիվանի,  ինքը նախընտրում է զգույշ լինել այս հարցին պատասխանելիս, քանի որ «բանակցությունները նրբաբնույթ են, իսկ խաղադրույքները` մեծ»:

«Սեղանին է դրված զգալի թվով անմեղ մարդկանց, այդ թվում՝ անմեղ ամերիկացիների ազատ արձակումը, որոնք ներկայումս պատանդ են պահվում մահաբեր ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի մոտ:Բանն այն է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Իսրայելի և Քաթարի միջև, որը կապ է պահպանում ՀԱՄԱՍ-ի հետ, և ԱՄՆ-ն մասնակցում է այդ քննարկումներին, շատ ակտիվ մասնակցում է այդ քննարկումներին։ Բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել, թե ինչ է քննարկվում,  ասեմ միայն, որ մենք ակտիվորեն աշխատում ենք ապահովելու պատանդ պահվող յուրաքանչյուր ամերիկացու և ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ մնացած յուրաքանչյուր մարդու անվտանգ վերադարձը», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան: