ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց

ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

«ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմ, արևածաղկիի ձեթ արտահանման նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշումն ուղղվում է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը, քանի որ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, և այդ բացը լրացվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀճից արտահանվող ապրանքների վրա։